Պաշարված քաղաքում մնում է ավելի քան 100 հազար մարդ։
Ռուսաստանի արյունալի լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Մարիուպոլի ավելի քան 20 հազար բնակիչ է զոհվել:
Այդ մասին «Ուկրաինա 24»-ի եթերում հայտնել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։
«Մենք արդեն ունենք տխուր ցուցանիշ՝ ավելի քան 20 հազար տեղացի բնակիչներ, մեր խաղաղ բնակիչները, կանայք, երեխաներ, որ ցավոք, զոհվել են»,- ասաց նա։
Բոյչենկոն նաև ընդգծել է, որ օկուպանտները շարունակում են խափանել քաղաքացիների տարհանումը։
«Մենք հասկանում ենք, որ ավելի քան 100.000 մարդ, ցավոք, մնացել է քաղաքում: Նրանք փրկություն են խնդրում, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել՝ ցավոք, երկու օր անընդմեջ ռուսական օկուպացիոն ուժերը խափանում են տարհանումը, բաց չեն թողնում բնակիչներին, ովքեր հավաքվում են տարհանման համար նախատեսված վայրերում: Նրանց ծաղրում են»,- ասում է քաղաքապետը։
Այսօր, ավելի վաղ, փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը հերթական անգամ չի հաստատել հրադադարի ռեժիմը, ինչի պատճառով Մարիուպոլի մարդասիրական միջանցքն այսօր չստացվեց վերաբացել։ Այս հարցը վաղը կրկին կբարձրացվի։
«Մենք այլևս չենք խնդրում, մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ն ապահովի հրադադարը և մարդասիրական միջանցքի բացումը թե Ազովստալից և թե ամբողջ Մարիուպոլից», – ասել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ ռուսներն ավտոբուսներով Ռուսաստան են տանում Մարիուպոլի բնակիչներին։ Ներկայումս գրեթե 200,000 ուկրաինացիներ տարբեր օկուպացված շրջաններից բռնի կերպով արտաքսվել են ֆիլտրացիոն և աշխատանքային ճամբարներ:
Աղբյուր՝ ՈՒՆԻԱՆ